Սեպտեմբերի 25 ին Արվարձան կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանիհիմարների կուսակցության երկրորդ համագումարը:Հիշեցնենք,որ 1990թ. «գարուն»ամսագրում` առաջին համագումարի ժամանակ Գրիգոր Խաչատրյանը առանց ընտրությունների,որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն, իրեն առաջադրել էր նախագահ բացելով և փակելով համագումարը: Մեջբերում 90թ.-ի ելույթից, (մենք միանում ենք Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների ծրագրերին,կոչերին, հայտարարություններին և գործողություններին համարելով դա մերը,որովհետև նրանք հրաշալիորեն են անում այն` ինչին նվիրված և կոչված ենք մենք և անմիջապես ցրում կուսակցությունը:)մեջբերման ավարտ:Համագումարի անդամները գոհունակությամբ նշեցին որ կուսակցության ինքնակոչ նախագահը,արդեն որերորդ անգամ ձանձրալիորեն մարգարեանում է, որը չի համապատասխանում կուսակցության կանոնադրության հիմնարար սկզբունքներին և փորձեցին ընտրակեղծիքների միջոցով փոխել գործող նախագահին, սակայն նույն ընտրակեղծիքների միջոցով նա վերընտրվեց:Քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը սուր քննադաության ենթարկեց նախագահի անգործունեությունը,նշելով որ այն մեծ վնաս է հասցնում Հայոց պետականությանը, պատճառաբանելով,որ կուսակցությունների,հասարակական կազմակերպությունների գործունէության` հիմարների կուսակցության կողմից փաթեթավորման և մեկնաբանման բացակայության պատճառով հասարակությունը մոլորեցված և անտեղյակ է նրանց գործունեության արմատների ու դրդապատճառների բուն էությունից,նա նշեց նաև,որ կուսակցության ղեկավարի ձևակերպումը անգործունեության վերաբերյալ հասարակության լայն շրջաններին հայտնի չէ և նույնիսկ շատերը չգիտեն կուսակցության գոյության մասին և որ այս անգործունեությունը, որն ընդհամենը ուրիշի աշխատանքի տակ ստորագրելով է սահմանափակվում` ծուլություն է,ինչն աղերսներ ունի ոչ թե հիմարության այլ հաշվենկատ ու խելացի քայլերի հետ: Քննադատների ազգային ասոցիացիայի անդամ մշակութաբան Վարդան Ջալոյանը նախ իր զայրույթն արտահայտեց ԶԼՄ –ներին չհրավիրելու համար,իսկ հետո անդրադարձավ հանրապետության նախագահի գործունեությանը` դրվատանքով նշելով նրա դերն ու նշանակությունը հանրային նոր ոլորտ ձևավորելու գործում և առաջարկեց օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները և սահմանադրական փոփոխությունների միջոցով հնարավոր դարձնել նրա վերընտրությունը,որովհետև առավել հաջող,կամ գոնե թույլիկ այլընտրանք չի տեսնում, նույնիսկ իշխանության ինքնավերարտադրման տարբերակում:Քննադատների ազգային ասոցիացիայի անդամ նկարիչ, արվեստաբան Արման Գրիգորյանը մեղադրեց կուսակցության նախագահին մտքերի, ձևակերպումների,գործողությունների ռուսական պոստմոդեռնականության մեջ, (այդ միջոցին դահլիճից մեկը գոռում էր ՖԼՅՈՒԿՍՈՒՍ,ՖԼՅՈՒԿՍՈՒՍ)կոչ անելով ինտեգրվել գործող կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին, ավելի շոշափելի և տեսանելի դարձնելու համար նրանց գործողությունները:Հիմնական վեճը ծավալվեց հիմարների կուսակցության այդպիսին լինել չլինելու շուրջ`մի մասը պնդում էր,որ իրենք բավարար հիմար չեն, ինչպես իշխանությունները, ապա թե ոչ իշխանություն կլինեին,մյուս մասը գտնում էր որ իրենք ավելի քան հիմար են և հենց այդ պատճառով էլ իշխանություն չեն:Նկարիչ Արտակ Բաղդասարյանը առաջարկեց առաջնորդի մի քանի ձևակերպումներ լուսանկարներ և հատկապես«քաջության համար հիմարություն է հարկավոր և դա գիտեն միայն քաջերը»,«բոլոր մարդիկ մահկանացու են,Գրիգոր Խաչատրյանը մարդ չի,հետևաբար Գրիգոր Խաչատրյանը մահկանացու չի» հրապարակել գովազդային մեծ վահանակների վրա և շենքերի ճակատներին:Վերջում կուսակցության նոր անդամ ընդունեցին փարիզաբնակ նկարիչ` Աշոտ-Աշոտին, որը որպես կուսակցական հանձնարարություն պարտավորվեց առաջիկայում հայ մշակույթի տարվա շրջանակներում` Փարիզում լայնորեն ներկայացնել կուսակցության գործունեությունը:Ծափողջույններով ընթերցվեցին հանրապետության նախագահին,վարչապետին,ազգային ժողովի նախագահին,նախարարներին,խորհրդարանի երեսփոխաններին,կուսակցություններին,հասարակական և հայրենակցական միություններին,կազմակերպություններին և առանձին անհատներին ուղղված ողջույնի և շնորհակալական ուղերձները:Եզրափակիչ ելույթում` վերընտրված նախագահ Գրիգոր Խաչատրյանը ողջունեց համագումարի մասնակիցներին շնորհակալություն հայտնելով հատկապես ներսում գոյություն ունեցող ընդդիմությանը նշելով որ դա իրենց առողջության առհավատչյան է , ներողամտությունը հայցեց կուսակիցներից իրենից անկախ հանկարծ խելացի մտքեր հայտնելու համար, մեղքը բարդելով տեսած լսած կարդացած բաների վրա: Զուգահեռներ անցկացրեց հանրապետության առաջին նախագահի,ագռավաքարում փոքր Մհերի և հիմարների կուսակցության անգործունեության միջև և թարմացրեց 15 ամյա վաղեմության իր հայտարարությունը,նվիրելով այն հանրապետության անկախության 15 ամյակին«մենք միանում ենք Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների ծրագրերին, կոչերին, հայտարարություններին և գործողություններին համարելով դա մերը,որովհետև նրանք հրաշալիորեն են անում այն ինչին նվիրված և կոչված ենք մենք, հանիրավի սեփականացնելով ուրիշի կոչումը,մղելով մեզ գործազրկության սա էլ արդեն քանի տարի,մինչև բացվեն հուսո դռները, և հայրենի կառավարությունը,կուսակցությունները,հասարակական կազմակերպություններն ու հայրենակցական միությունները գործեն այնպիսի խելամտությամբ,որ վերջապես Եվրոպայում շրջող մեր ուրվականը ասպարեզ իջնի:»

Գրիգոր Խաչատրյան
«Հայկական ժամանակ» օրաթերթ,
չորեքշաբթի սեպտեմբեր 27.2006