Դու կանգնել էիր վայրի ժայռի կատարին և ոտքերով ուզում էիր ընտելացնես նրան, կերակրես ու նա քեզ միս,կաթ,ձուկ ու ձու տա,որ նրան վարժեցնես,արածեցնես, իսկ երբ մայրամուտի շողերի տակ հոգնած տուն դառնա ոտքով շոյես և ժայռն էր վայրի:

Խմելով երիցուկի հյութը, բարձրացար հեք աշխարհի մեկ ոստը գոս վայրի ժայռի կատարից միզելու, ուր վերջին կաթիլները ծանր ընկնում էին սիրում է չի սիրում գուշակությամբ և դու տեսար որ հեպի էնդը կարող ես սարքել: Հետո կանգնել էիր մի ուրիշ վայրի ժայռի կատարին և լռում էիր մեծ պատասխանատվությամբ, դու մտածում էիր քայլի մասին որպես ընտրություն և վախենում ընտրության արդյունքներից, իսկ մեկ քայլով անհայտի ինչպիսությունը իբր ճշգրտվում էր արդեն:Սկզբից խոտանվեց քայլի հեզությունն ու խոնարհությունը վանքապատկանության,խրոխտությունը հերոսական պատումներում շահարկվելու համար,որից հետո անմիջապես օճառաջրով հանդերձ խոտորնակվեց հերոսականությունը մեղադրվելով կեղծ ու անկեղծ հայրենասիրությամբ: Քաջը հանդուգնը,ըմբոստն ու, խելացին վատ տարբերակներ չէին,սակայն հանցավոր կապեր և առնչություններ ունեին առ հաշվենկատություն: Խենթությունից հրաժարվեցիր գտնելով որ դա ընդհամենը հիմարության էսթետիզացված տարբերակն է և կանգ առար բուն հիմարության` մերժված անկյունաքարի վրա, որովհետև քաջության համար հիմարություն է հարկավոր և դա գիտեն միայն քաջերը:

Գրիգոր Խաչատրյան
հինգշաբթի, 14 սեպտեմբեր, 2006