Թե արևմտյան հովերով տարված, չերկարացնեինք մազերը մեր ուսերին թափվող, իր մութ այրերում շունչը կփչեր լեռների երկիր հայաստանս:

Նա եկավ ծածանելով մեր, բատեն վերնաշապիկների ականջները երկար, հոլիդեյ ջինսերի քղանցքները լայն և պապլավոկ սրճարանի առագաստները պարզած հովերին ընդառաջ, օնանք հառաջ: 60 - ականների վերջ Երևան:

Ահա հենց այդ օրերին էլ կոմունիստներից հղիացած կոմերիտմիությունը ծնեց հովերին ընդդեմ իր քամու օրգանը «գարուն» անունով և չկտրեց պորտալարը,որ

չասեն նրան կապը կտրած:Եվ փոքրիկը սկսեց տեղաշարժվել իր աննյութական մարմնով, նա քոթոթի պես մի կերպ հաղթահարելով պորտալարապարանի անհարմարությունը, դուրս եկավ շենքից, գլորվեց ճակատագրի աստիճաններով և հայտնվեց պապլավոկ սրճարանում:

Նա տեսավ մարդկանց ուրիշ պորտալարերով՝ ֆիրմա, բարակ, գեղեցիկ, թոքախտավոր թափանցիկ,երազի պես հոգեթով ու դյութական, ինչպես քնքուշ մութի թև, և շարժումներ չկաշկանդող:Նա խորապես սիրեց սրճարանն ու նրա մարդկանց,ոչ թե մի տեսակ կեղծ , բռնազբոսիկ,վանքապատկան տռփանքով, ինչպես նյութված էր, այլ անկեղծ ու անբռնազբոսաշրջիկ: Մարդիկ ու սրճարանը նույնով պատասխանեցին նրան, անմիջապես շրջվելով, բաժակ սուրճով: Նրանք այնպես պատասխանեցին իրար, որ նա դառավ ես և դու էլ դարձար նա, պահ մի եվրոմիական, որ էլ չի դառնալու,էլ չի դառնալու:

Եվ նա խորապես ատեց իր ծնողներին՝ կոմերիտմիությանն ու կոմունիստներին, Մարքսին ու Էնգելսին,որ Լենինին առաջարկել էին երրորդը լինել, ջերմորեն սիրեց Հակոբ Կոջոյանի «կոմունիստների գնդակահարությունը» կտավը, հիշեց Սամվելին ու նրա ծնողների եղերական մահը,արտասանեց օ բախտ իմ դժխեմը, հիշեց Անուշին Դեբեդը նետվող, անհուն վրեժի ու ատելության դժոխքը այրեց թունոտ իր հոգին և քիչ էր մնացել,գնար անապատ հեծանիվ հորինողների նորոգման արհեստանոց բացի, երեխա ունենա Վրեժ անունով, սակայն հարկավոր էր արագ պատժել ծնողներին:

Եվ վախ ծնող ողջամտությունը, դավ նյութեց,իսկ նրանք դավին անտեղյակ չարին անտարբեր:

Եվ քանի որ ծնողների սիրած բալի տեսակը Պավլիկ Մորոզովն էր, իր սիրած տեղն էլ պապլավոկը, ասաց, որ այդպես է, ես էլ ուզում եմ դառնալ Պավլիկ Պապլավոկովիչ Մորոզով: Եվ դա եղավ, որ իրականություն դառնա հոգին ավանդող կուլակի անեծքը ձեզանից ձեզ փոխ լինի/:

Եվ Պավլիկը մեծանում էր ոչ թե օրերով,այլ ժամերով, լցվում գիտությամբ ու զորությամբ, նա հետևողականորեն սկսեց մերկացնել, բացահայտել ծնողների գործերը զազիր ու նանիր,տան կեղտոտ սպիտակեղենը,որ չէր կարելի սպիտակեղեն անվանել պապլավոկում առագաստի տեղ օգտագործեց, չարախնդալով / էս էիք ուզում՞/:

Ծնողները խիստ անհանգստացած էին, իրենց արդեն գլխից փչացած բալիկ ձկնատեսակով, նրա փչած քամուուղղությունները հաճախ խիստ մտահոգում էր նրանց և նրանք մշտապես մտահոգ տեսք ունեին,որ մատուցվում էր երբեմն որպես երկրորդ,կամ էլ երրորդ, բայց ուշ էր,հուշը մշուշ էր, հովերն իրենցն արել էին և դա եղել էր ըստ Կոմիտաս վարդապետի:Վատ միջավայրը վերջնականապես փչացրել էր խոստումնալից երիտասարդին այնպես,որ որոշ աղցիկներ նրան ասում էին փչացածի մեկը, հաշվի չառնելով նրա քանակը և այլևս նա ոչինչ չուներ կորցնելու բացի իր գոռ բախտի պարսատիկաքարերով ծրագրավորած բաղձալի ոճրագործությունից: Առավել ևս որ վատ տեսողությունը,լսողությունը թուլացրել էր զառամյալ ծնողների զգոնությունը և շռնդալից աղմուկով թափվող ատամները հաշվող ու կիլոներով կշռող բալիկը, մի քանի պաչիկով, ֆլյուգերի ցուցումները կեղծելով, սողոսկում էր պարտիայի շարքերն ու ցրում նրանց կասկածները: Եվ եղավ այնպես որ գրվեց ամսագրի շապիկի վրա՝ «պատրաստեք տիրոջ ճանապարհները»,եվ ճանապարհները պատրաստ էին,և այդ պահին նրան շատ էին նայում, և նա զգալով իրեն բեմի վրա, ուր հարմար ֆրազի ընտրությունը պահի համար դար է թվում,սուսերը մերկացնելով սկսեց արտասանել, «թող լինի ինչ լինելու է», «գնա գալիս եմ», «ով որ քաջ է»…և ձայները գնալով խլացան դիմացից եկող թվականների գոյական կերպարներով 1988-1989-1990-1991թթ. ...

Հ.Գ. Աղբյուրի նման մեղմ կարկաչելով, հուշիկ քայլերով, դանդաղ ու անուշ, հեշտանք խոնջանքով մորթազերծ արիր ու տիկ հանեցիր քո ծնողներին, կտրելով ճյուղ նստատեղը,իրենց պորտը տեղը դրիր Էֆտանազիստ:Քո աննյութական մարմինը չի սավառնում պապլավոկում,որովհետև գրասենյակը մեռավ, իսկ գնացածները ոչ մի լուր չբերին:Եվ եղավ այնպես,որ հոգին մեռավ իսկ մարմինը մնաց, տեսաք ի՞նչ եղավ:Քեզ ոչ ոք չասեց, գրասենյակը մեռավ,տո լաճ տնավեր ու դու չես լսում պապլավոկից «դու ինձ ում ես թողե, հեռացել»,որովհետև քո գրասենյակը պապլավոկն էր և հիմա այն արոտավայր է հարուստների զեխ,և քո գերեզմանին չի գա,նույնիսկ մեկը պարսկուհու գեղեցիկ աչքերով և չի երգի վեր-կաց գերեզ-մա-նից պաշա Անդրանիկ…..:

Գրիգոր Խաչատրյան
1987-96թթ.«գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիր
«Հայկական ժամանակ» օրաթերթ
Մարտ 31, 2006թ.