Բաղարջակերաց օրերն էին և ինչպես գրված է՝ երբ Տերը գա նրա ոտնաձայները կլսեք, այդպես արդեն լսվում են գալիք բաժակաճառերը, օղու կլկլոցն ու բաժակների շրխկոցը, զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց:
Հիշեցնեմ, որ ամբողջ աշխարհի հետադեմ մարդկությունը մեծաքանակ զինտեխնիկա և մարդկային զոհեր տալով, /չնայած ուրա ընդեղ մարդ/ նահանջի ճանապարհին ֆեյսի համար, այդուհանդերձ նոյեմբերի 7-ը նշում է, որպես հոկտեմբերյան հեղափոխության տարելից, իսկ առաջադեմը՝ Գրիգոր Խաչատրյանի ծննդյան տոներ, ի փառս հայրենյայց և ի սարսափ թշնամյաց:
Տոներին հատուկ արարողակարգերի համաձայն պետական կառույցները լրատվամիջոցներով շնորհավորում են հանրությանը և զգուշացնում հնարավոր վտանգների մասին՝ տեռորիստական ակտեր, հարբած վարորդներ, անզգույշ հետիոտներ և ոչ մի խոսք իմ պատճառով տեղի ունեցող դժբախտ պատահարների մասին:
Եւ արդ սիրելի ժամանակակիցներ Գրիգոր Խաչատրյանի, շնորհավորելով Ձեզ իմ ծննդյան տոների կապակցությամբ՝ թախանձագին խնդրում եմ, որ այդ առիթով երբ կբարձրանաք լյառն Մասիս, կամ նստեք քաղցելու ճոխ սեղանների շուրջ, մի խմեք կենացս, եթե հոտնկայս չեք, քանի որ դա, ինչպես նաև ոմանք, հղի են խիստ կանխատեսելի հետևանքներով: Հագուրդ տվեք Ձեր ծուլությանը, ինքնասիրությանը, ինքնասիրահարվածությանն ու գոռոզամտությանը խմելով նստած, այլընտրանք ունենալով խմել Գրիգոր Խաչատրյանի մեկ այլ բանի՝որևէ հատկության կենացը, բացի ռեզուսից, քանի, որ դա միակ բացասականն է իմ մեջ: Որոշ մրահոն, ամոթխած, նաիրյան հեզաճկուն, հայոց աշխարհի փափկասուն, չքնաղագեղ և բազում երնեկներ մեկտեղած հոլանիների կարող է թվալ թե դա իրենց ոչ է վերաբերում, մոռանալով, որ ժամանակակիցներիս, ոչ ազգային, ոչ տարիքային և ոչ էլ սեռական խտրականության չեմ ենթարկում: Օ՜ոչ հույս չունենաք Ձեր թանկագին առողջությամբ մտահոգ իրավա-պահ-պահ-պահ-ների վրա, որ այդ պատասխանատու և օրհասական պահին Ձեր կողքին կլինեն հորդորներով, պատժամիջոց տուգանքներով, չնայած դեմ չէին լինի դրանով գրպանները լցոնել, քանց պետական գանձարան: Նրանք Ձեր կողը չեն լինի, վասնզի իշխանություների կողակիցն են և երբեք նրանցից չենք ստանա այն, ինչ ստացավ իմ մանկության ընկեր Կոստյա Օստենբակենը լեհ գեղեցկուհի Ինգա Զայոնցից / աղջիկը նրան սիրեց /:
Ցավոք տոներից հետո հրապարակվող աղետալի վիճակագրական տվյալներում տող չեք գտնի այն մասին, թե քանի քանիսն են իրենց ոտքը կոտրել կենացս նստած խմելու պատճառով, որովհետև իրավամբ դրանում լոկ պատահականություն են տեսնում, մոռանալով, որ ես եմ պատահականությունների պլանավորման կենտրոնի ղեկավարը, որ պատահականությունն էր ի սկզբանե և պատահականությունը Գրիգոր Խաչատրյանի մոտ էր և պատահականությունը Գրիգոր Խաչատրյան էր և ինչ եղավ պատահաբար եղավ և առանց պատահականության ոչինչ չեղավ: (հատված պատահականությունների պլանավորման ավետարանից):
Կամ ասում են մեղավորը Տիգրան Պասկևիչյանի անեծքն է՝ /Գրիգոր Խաչատրյանի կենացը ոտքի վրա չխմես՝ ոտքդ կկոտրես/, մինչդեռ հայտնի է, որ Պասկևիչյանը ընդամենը քնքշորեն համադրել է փաստերը, որպեսզի իրեն չմեղադրեն հանցավոր անգործունեություն մեջ և զգուշացրել է իր սրտի սիրական ազգին՝ լեղապատառ ձեն տալով, քանի դեռ փորումը շունչ կա, բերանում լիզու, ինչպես առողջապահության նախարարությունը մեզ և ծխող Տիգրան Պասկևիչյանին ծխելու վնասների մասին:
Ոմանք հեռվից թերևս մութ և անառողջ կասկածներ, համոզմունքներ ունեն ինձ չանհանգստացնող անհամեստությանս մասին, քանզի մեծամիտներն են թաքնվում համեստության քողով և գաղտնիք չէ, որ մինչ օրս ոչ մեկի չեմ գնդակահարել կենացս նստած խմելու համար և դեմ եմ եղել կենացս ոչ հոտնկայս խմելը քրեականացնող օրինագիծը խորհրդարան մտցնելուն: Եվ ուրեմն ես որևէ ձևով մեծարման կարիք չունեցողս, կարծում եմ՝ չի՛ կարելի մեծերի նկատմամբ ակնածանք ունեցողներին՝ ինչը հատուկ է միայն մեծերին, զրկել իրենց մեծությունը դրսևորելու նման հրաշալի հնարավորությունից: